**
Բանաստեղծության շեմին կանգնած` ո′չ ետ,
ո′չ առաջ:
Սիրո շեմին կանգնած` ո′չ ետ, ո′չ առաջ:
Քո ամրոցում, քո վանդակում:
Եվ հնարավոր էր էլի դիմանալ, եթե այսքան ուժեղ
չլիներ ճոճումը:
Վահրամ Մարտիրոսյան
աստվածները
Չ. Բուկովսկի
նստած եմ էստեղ 2-րդ հարկում
դեղին գիշերանոցում
կուչ եկած
դեռ ձևացնում եմ, որ
գրող եմ:
գրողիտարած մաղձ
71-ում,
ուղեղիս բջիջները
կլանված են
կյանքով:
գրքերի շարքեր
հետևումս
գզգզում եմ նոսրացող
մազերս
բառ եմ
փնտրում:
տասնամյակներ, արդեն
գազազացրել եմ
տիկնանց
քննադատների
համալսարանական
կրծողների:
նրանք բոլորը շուտով կունենան
տոնելու
իրենց ժամանակը:
«սարսափելի գերագնահատված…»
«գարշելի…»
«մոլորություն…»
ձեռքերս մտնում են
Մակինտոշիս
ստեղաշարի
մեջ:
նույն հին
անգիրանելիքն ա,
որ քերեց ինձ
փողոցներից ու
այգու նստարաններից,
նույն պարզ
գիծը
ու սովորել եմ էն
էժան սենյակներում,
չեմ կարող
հրաժարվել,
էստեղ՝
2-րդ հարկում նստած
կուչ եկած դեղին
գիշերանոցում
դեռ ձևացնում եմ, որ
գրող եմ:
աստվածները ժպտում են ներքև:
աստվածները ժպտում են ներքև:
աստվածները ժպտում են ներքև:
եթե չլիներ տատանումը
երբ օղակի ներսի լույսը հանգավ
տեսա, որ էլի մենակ եմ մնացել
ու առնված եմ արհեստական փշալարի մեջ
փշալարից էն կողմ տարբեր հեռավորությունների վրա մարդիկ էին
փոքր խմբերով կամ զույգ-զույգ միություններով
որ խեթ հայացքներ էին գցում վրաս ու ինչ-որ բան սվվում
փշալարին շատ մոտ ու մի տեսակ տատանվող
էն մեկն էր, որ քիչ առաջ օղակից ներս էր
հայացքը սիրուն կլիներ շատ
եթե չլիներ տատանումը
մեկ էլ փշալարերը պատկերը չաղավաղեին
հին հակափշալարային գործիքներս չէի շպրտել
մնացել էին` ժանգոտ, այլանդակ
ժպտացի
մի ժամանակ հավատում էի դրանց ուժին
երևի դրա համար էի պահել
շպրտեցի փշալարից դուրս
(էս մի հավատս էլ գնաց)
աշխատելով ոչ ոքի չվնասել
հետո սկսեցի բերանիցս դուրս քաշել իմ փշալարը
ցավոտ էր, սուր ծայրերը քերում էին շնչափողս
փշալարի թափանցիկության վրա արյունով դեկորներ էին նկարվում
բայց դիմանալու էր, գիտեի, որ մի անգամ ա
վերքերը կփակվեն
սպիերը ներսից են` չեն երևա
շատ-շատ մեկ-մեկ կարող ա քոր գան
էդ էլ ոչինչ
փշալարն էլ մի քանի քառակուսի մետր հաշվարկով էր, ինձ շատ պետք չի
ներսում ավազի վրա մատով մի օղակ էլ նկարեցի` քաշեցի փշալարս:
ու վառեցի լույսը:
Չլոցի
Արդեն երրորդ օրն ա՝ վեր եմ կենում 3:37
իմ ձեռքով այլայլվող իրականությունը
ինձ քնեցնում՝ տրոհվում ա երազների
ինձնով չլոցի տշում
վրեժ լուծում իր կտտանքների
իմ ինքնասպանության
համար:
նոր չեմ արդեն
ուղեղիս միջի որդերը քունքերիցս դուրս ցցված
ճխլվում կամ հետ են մղվում երազային քացիներից
ջուր եմ լցնում մեջս կողքս դրած հինգլիտրանոցից, ծանր ա, հիասթափեցնող
ի՞նչ ա ուզում ինձնից էս գրողիտարած թիվը:
վեր կենամ ստուգեմ՝ կարող ա՞ էդ վառված մաշկով սև-սպիտակ կատուն
իրոք էս պահարանում ա ապրում:
բա եթե հանկարծ տեսնեմ, որ հա
ու հերիք չի հա՝ կողքի սենյակի կատարվածն էլ ա իրոք:
իսկ եթե ուզեմ դուրս անել էս կատվին
ու հենց ձեռք տամ՝ մղկտա նենց, ոնցոր երազումս էր
որ ուղեղիս որդերը սկսեն ճռթճռթալ
բազմանալ՝ կիսման եղանակով
գանգոսկրիս բները թողած
լցվեն ցամաքած բերանս
լերդանան՝
չխեղդվեմ:
եռափեղկված ինքնությունս 37 մասի ա բաժանվել:
մարմնիս ամեն 3 մմ-ը 37 կմ երազանք ա ենթադրում:
կողքի սենյակի կողմ չեմ նայի ուղղակի
սևսպիտակին էլ ավելի լավ ա թողնեմ՝ հանգիստ քնի
եթե բախտը բերեց (իմն էլ՝ չէ)
վաղը՝ 3:37
նորից կկերակրեմ դրան
ուղեղի թարմ որդերով:
ասում են՝ դրանք լավ են
մաշկի քաղցկեղով տառապող կատուների համար:
գնացի չլոցի խաղալու:
P.S. հասկացա՛.
3:37՝ չլոցու հաշիվն ա
օգուտ իրանց:
եսակենտրոնություն
անհանգիստ եմ շատ անհանգիստ
անցյալի ես նորից այցելության եմ եկել ինձ
զզվելի չարախնդում եմ
ուզում եմ իմ գլխին կապեմ սեփական չհաջողված կյանքս
ասում եմ՝ հա հետո՞ ինչ, որ ես խմում եմ
որ ցինիկ եմ ու անսկզբունքային
բա դու՞ ինչ ես
տագնապահար
ոչ մի վայրկյան չհանդարտվող
չկայացած
անվճռական
ես գոնե մսխում եմ ամեն օրս
լցնում եմ ամեն օրս
հետո՞ ինչ որ շան պես սատկեմ մի տեղ ընկած
մեկ ա` քնած կլինեմ չեմ զգա
իսկ մինչև էդ` լավ քեֆ արած:
Չգիտեմ ոնց շփվեմ հետս, երբ որ գալիս եմ մոտս
հարբածներին հատուկ աննրբանկատությամբ
կռվարարությամբ
գալիս եմ մնում
անընդհատ հույս ունեմ, որ հեսա կասեմ՝ «արի խմենք»
կամ գոնե մի բաժակ օղի կառաջարկեմ
ձեռքերիս դողն անցկացնելու
սրտիս արագությունը կարգավորելու համար:
Բայց ես հո հիմար չեմ`
ինչքան ուզում եմ մնամ
ինչքան ուզում եմ` ինձ հունից հանեմ
ծաղրական խղճահարույց կամ պարզապես զզվելի դրսևորումներովս
ես հո գիտեմ որ հետս մի բաժակ խմեցի
մեկը երկուս ա դառնալու
երկուսը տաս
ու դրանից հետո
գրեթե հաստատ
(բացառությունները չհաշված)
էլ չեմ լինի մեկը
ում մոտ կգամ` զահլա տանելու
կլանչելու
որովհետև
կխմենք միասին
մինչև կատարյալ
ու վերջնական միաձուլում
ես
ու ես:
ՆԵՐՔԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ (INLAND EMPIRE)
Չեմ գոռում. վերնագիրն ամբողջությամբ մեծատառերով եմ գրել, որովհետև ռեժիսորն ա տենց ուզել. ռեժիսորի ցանկությունն օրենք ա:
Ռեժիսոր՝ Դեվիդ Լինչ
Սցենար՝ նույն ինքը
Վաղուց կարիք ունեի խելագար կինոյի: Սահմանների տոտալ բացակայության: Էս կինոյից կարոտս առա վերջապես: 3 ժամ սահմանների տոտալ բացակայություն: 3 ժամ մտագարության կաթիլային ներերակային օգնություն, որը դեռ տարածվում ա ներսումս, ու դեռ առնվազն մի քանի օր պիտի շատ ջուր խմեմ, որ մարմնիցս դուրս գա: Էն էլ պարզ չի՝ դուրս կգա թե չէ, որովհետև կարող ա պարզվի՝ նրանցից ա, որ անանցանելի նստվածքներ են թողնում ու առաջին անգամից կախվածություն առաջացնում:
Առաջին անգամից կախվածություն. հա, անպայման պիտի մի անգամ էլ նայել էս ֆիլմը:
Սյուժեն. վեբում կարելի ա գտնել աննոտացիաներ, որոնք ինչ-որ աղոտ պատկերացում են տալիս ընդհանուր տրամաբանական գծի մասին, բայց ֆիլմի խորքայնությունը շատ ավելին ա, քան տրամաբանական գիծը:
Դերասանները. դերասանուհու (Լորա Դերն / Laura Dern) խաղը, մասնավորապես, հանճարեղ ա: Ու Ջերեմի Այրընսը, ստատիկ սիրելի:
Սաունդթրեքը. մմմ՜. անիրական: Քշիշտոֆ Պենդերեցկին հատկապես, նպաստում ա մտագարության ներարկման գործընթացին՝ էդ զգացողությունը դարձնելով լրիվ ֆիզիկական:
–
Ֆիլմն առաջին վայրկյաններից ինձ ներքաշեց անմիջական կոնտակտի մեջ ու պահում ա դեռ: Էս գիշերվա երազները վառ են լինելու, կարող ա մի քիչ վախենալու, բայց համահունչ (ոնց որ ֆիլմն էր) գիտակցությանս՝ գլխից ձեռ քաշած-լարախաղացային տրամադրություններին:
Կիսատ
Անիրական տարածքներում
շշմելու դղյակներ
կառուցվում են
զիլ արագությամբ:
Նույն տարածքներում
նույն դղյակները
նույն արագությամբ
քանդվում են գրողի ծոցը:
Դղյակների պետքը չի
որ փլատակների տակ
մնում են
իրական մարդիկ:
Իսկ անիրական դղյակների
իրական կերպերը
մնում են տենց էլ
անտեր
կիսասարք
մի քիչ էլ խեղելով
խեղված քաղաքի
կեղծ
դիմապատկերը:
ծիծաղող սիրտը
Չարլզ Բուկովսկի
քո կյանքը՝ քո կյանքն ա:
մի թող, որ վերածեն նեխած
հլության:
զգոն եղիր:
ելքեր կան:
ինչ-որ տեղ լույս կա:
կարող ա՝ շատ չի
բայց ճեղքում ա
մթությունը:
զգոն եղիր:
աստվածները քեզ տարբերակներ
կառաջարկեն:
ճանաչիր դրանք, վերցրու:
չես կարող մահվանը հաղթել, բայց
կարող ես մահվանը հաղթել
կյանքում,
երբեմն:
ու որքան հաճախ
սովորես անել դա,
էնքան շատ լույս
կլինի:
քո կյանքը՝ քո կյանքն ա:
ճանաչիր կյանքդ, քանի
ունես:
դու զարմանալին ես
աստվածները սպասում են՝ ներսումդ
վայելքներ
ապրելու:
Կատու
Ոնցոր
5-րդ հարկի միշտ փակ բնակարանից
նոր՝ այգով տուն տեղափոխված կատու
վայրենի հոտոտում եմ տարածքը, նշում
աչքերիս մեջ սկսում ա ազատություն խլրտալ
գլխիս են խփում բոլոր համարձակ բնազդներս
առնում եմ ուրիշների հոտ, բայց անտեսում դրանց
մինչև գալիս ա գիշերն ու ինձ ծեծում ա նա, ում տարածք շպրտվել եմ
ասում ա՝ տեղդ իմացի, է՛գ
մարմնիս թողնում կծած ու ճանկռած տեղեր
ճղում ականջս, ոջիլ փոխանցում:
Ու ես, վերքերս լպստելով,
ճանապարհին շուտ-շուտ կանգ առնելով, որ շունչս տեղը գա
հետևի մի ոտքս քարշ տալով
գալիս եմ, շատ ջուր խմում ու մտնում մի թաքուն անկյուն
էս՝ ուրիշի տարածքում
կարոտելով իմ հին, փակ տարածքը:
Երազելով մենակ իմ, չզբաղեցրած տարածքի մասին:
նկարը՝ Ալեքսանդր Ջենսոնի / illustration by Alexander Jansson

